back button menu

Ինչպե՞ս չձախողել բիզնեսում կամ Failure Mode and Effect Analysis

Ոչ ոք չի ուզում թողարկել և, առավել ևս, գնել արտադրանք, որը դեֆեկտներ ունի: Այս դեֆեկտների գինը շատ թանկ է նստում ընկերության վրա. հաճախորդների հիասթափությունը բացասաբար է ազդում ընկերության հեղինակության վրա:

Առավել քան պարզ է, որ ցանկացած գիտակից ղեկավար կփորձի գործադրել ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն ու տեխնիկաները` ձախողումից խուսափելու համար: Եկե՛ք դիտարկենք դրանցից մեկն առավել մանրամասն:

Failure Mode and Effect Analysis` <<Ձախողման և դրա ազեցության վերլուծություն>> տեխնիկան կօգնի ձեզ բացահայտել արտադրանքի հետ կապված հնարավոր խնդիրներն ու հնարավորինս շուտ կատարել շտկող գործողություններ:

FMEA-ն որակական գնահատման տեխնիկա է, որը իրականացվում է բրեյնսթորմինգի կիրառմամբ փորձագետների շրջանակներում: Այս պրոցեսը շատ նման է հավանականության և ազդեցության մատրիցի / probability-impact matrix ստեղծմանը:

Տեխնիկայի կիրառման ժամանակ մասնագետները դիտարկում են կոնկրետ դեպքը և նշում են արտադրանքի ձախողման հնարավոր պատճառները, դրանց ի հայտ գալու հավանականությունները, ազդեցությունները, սխալների հայտնաբերման հեշտությունը և այլն: Կարծիքները մանրակրկտորեն գրանցվում են հատուկ ստեղծվող աղյուսակներում` հետագա վերլուծության նպատակով:

Տեխնիկան կիրառելի է ամենատարբեր ոլորտներում ու դեպքերում և օգտակար է մասնավորապես`

  • Նոր արտադրանքի կամ գործընթացի մշակման ընթացքում;
  • Առկա արտադրանքը կամ գործընթացը փոփոխությունների ենթարկելուց առաջ;
  • Գործընթացում կամ արտադրանքի մեջ դեֆեկտ հայտնաբերելուց հետո;
  • Հաճախորդներից բազմաթիվ և հետևողական բողոքներ ստանալիս;
  • Այլն:

Այս տեխնիկան պահանջում է փորձագիտական դատողություն / expert judjement: Անհրաժեշտ է անցկացնել մի շարք բրեյնսթորմինգ-հանդիպումներ` փորձագետների ներգրավմամբ: Հանդիպումները թույլ կտան բացահայտել, հավաքագրել և գնահատել հնարավոր թերությունները / դեֆեկտները, դրանց պատճառները և ազդեցությունները:

Օրինակ, ստորև ներկայացված է նմանատիպ աղյուսակ, որտեղ գրանցվում է հավանական դեֆեկտը` սարքավորումների խափանումը` հետագա վերլուծության նպատակով: Հարկ է նշել, որ նմանատիպ աղյուսակները ստանդարտ ձև չունեն, և յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ստեղծել իր սեփական ձևանմուշները`

FMEA-ն դիտարկում է երեք պարամետր` Դեֆեկտի ազդեցության լրջությունը/severity, Դեֆեկտի առաջացման հավանականություն/occurrence և Դեֆեկտի հայտնաբերման հավանականություն/detection:

Դեֆեկտի ազդեցության լրջությունը ցույց է տալիս դեֆեկտի բացասական ազդեցության մեծությունը` օգտագործողի վրա: Դեֆեկտի առաջացման հավանականությունը ցույց է տալիս, թե որքան հաճախ կարող է ի հայտ գալ խնդիրը: Եվ, վերջապես, Դեֆեկտի հայտնաբերման հավանականությունը ցույց է տալիս, թե որքան հեշտ կարելի է հայտնաբերել/նկատել խնդրի առկայությունը:

Բրեյնսթորմինգի ժամանակ փորձագետներն ի հայտ են բերում տարբեր հավանական դեֆեկտներ և դրանցից յուրաքանչյուրին տալիս են կշիռներ` վերոհիշյալ երեք պարամետրերով` 1–10 բալային համակարգով, որտեղ 1-ը ոչ մեծ ազդեցությունն է կամ ցածր հավանականությունը, իսկ 10-ը` ծայրահեղ ուժեղ ազդեցությունը կամ բարձր հավանականությունը: Փորձագետների հետ հանդիպումների ավարտին կազմվում է խնդիրների, պատճառների և դրանց գնահատականների ցանկը, որոնք այնուհետև գրանցվում են աղյուսակներում: Վերջապես, դեֆեկտներից յուրաքանչյուրի համար բազմապատկելով համապատասխան երեք պարամետրերը` ստանում ենք Ռիսկի առաջացման հավանականության ցուցանիշը` Risk Probability Number-ը, որը դեֆեկտներից յուրաքանչյուրի համար ապահովում է ռիսկի ազդեցության ընդհանուր գնահատականը: Վերոհիշյալ օրինակում RPN-ը հավասար է 81-ի:

Բոլոր հնարավոր դեֆեկտների համար RPN-ը հաշվարկելուց հետո արդեն հնարավոր կլինի սահմանել բոլոր ռիսկերի համար սահմանային շեմերը/risk thresholds: Վերջիններս կարող են լինել բարձր, ցածր կամ միջին: Օգտվելով RPN-ի ցուցանիշից` ինքներդ կկարողանաք գնահատել` արդյոք դեֆեկտի վերացումն ունի ձեզ համար բարձր, ցածր կամ միջին մակարդակի գերակայություն: Բնական է, որ առաջին հերթին ուշադրության կարժանանան բարձր RPN-ով դեֆեկտները` թերությունները մեղմացնելու և վերացնելու համար:

Ինչպես կյանքի շատ այլ ոլորտներում, այստեղ նույնպես կիրառելի է Պարետոյի օրենքը: Կենտրոնանալով հիմնախնդիրների փոքր մասի վրա` հնարավոր է լուծել թերությունների/դեֆեկտների մեծ մասը: