back button menu

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՎ Ե՞ՐԲ. ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է Gantt Chart-Ը

Խոսելով նախագծերից` մենք երբեք չենք մոռանում բազում սահմանափակումների մասին, որոնց շրջանակներում էլ դրանք իրականացվում են: Իսկ երբ խոսում ենք սահմանափակումներից, ապա առաջին բանը, որը, հավանաբար, կարող է անցնել մեր մտքով, ժամանակն է:

Ժամանակի կառավարումն, իսկապես, կրիտիկական նշանակություն ունի նախագծերի կառավարման մեջ, դե իսկ այն բոլոր գործիքները, որոնք օգնում են իրականացնել այս գործառույթը հնարավորինս արդյունավետ, վաղուց արդեն համալրել են փորձառու PM-ների զինանոցները:

Այսօր կքննարկենք Գանտի աղյուսակը, որը ժամանակացույցի կառավարման ամենատարածված և փորձված գործիքներից մեկն է:

Շատերս սխալմամբ կարծում ենք, որ Գանտի աղյուսակն իր անունը ստացել է ի պատիվ Հենրի Գանտի, ով համարվում է աղյուսակի հեղինակը: Իրականում, սա մեծ մոլորություն է. աղյուսակը 1890-ականների կեսերին մշակել և շրջանառության մեջ է դրել լեհ ինժեներ Կարոլ Ադամեցկին: Նախնական harmonogram (ներդաշնակ բառից) անվանումով աղյուսակը, սակայն, ի սկզբանե Լեհաստանի և Ռուսաստանի սահմաններից դուրս տարածում չստացավ:
Միայն 15 տարի անց ամերիկացի ինժեներ Հենրի Գանտն առաջարկեց նույն գաղափարը` մշակելով և կիրառելով Գանտի աղյուսակն աշխատանքների առաջընթացին հետևելու համար: Այս անգամ աղյուսակը լայն տարածում գտավ արևմտյան երկրներում և աշխարհին հայտնի դարձավ որպես Գանտի աղյուսակ` Հենրի Գանտի անունով:

Ժամանակի ընթացքում, իհարկե, աղյուսակը ենթարկվել է փոփոխությունների: Այսօր լայն տարածում ունեցող աղյուսակները թույլ են տալիս տեսնել նախագծերի շրջանակներում իրականացվող գործողությունների և ժամանակացույցի միջև կախվածությունները:

Որո՞նք են Գանտի աղյուսակի առավելությունները՝

  • հեշտ է ստեղծել,
  • լավ հաղորդակցման գործիք է,
  • հնարավորություն է տալիս խուսափել ռեսուրսների գերբեռնվածությունից,
  • հնարավորություն է տալիս դիտարկել նախագծի ընթացքը,
  • խթանում է թափանցիկությունը,
  • ստեղծում է հաշվետվողականություն,
  • բարելավում է արտադրողականությունը,
  • օգնում է հեշտությամբ կառավարել ռեսուրսները և այլն:

Գանտի աղյուսակը կառուցելիս օգտվում ենք հորիզոնական և ուղղահայաց առանցքներից. ուղղահայացի վրա նշվում են առաջադրանքները/գործողությունները, իսկ հորիզոնականի վրա տեսնում ենք համապատասխան գործողության/առաջադրանքի տևողությունը: Բայց, նախ, դիտարկում ենք յուրաքանչյուր աշխատանքային փաթեթի մեջ մտնող գործողությունները, գնահատում ենք դրանցից յուրաքանչյուրի տևողությունը, հասկանում ենք իրար նախորդող և փոխկապակցված գործողությունները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի տեղավորել գործողությունները աղյուսակի վրա և ստանալ ընդհանուր պատկերը, դե իսկ ժամանակակից համակարգչային ծրագրերը այս ամբողջ պրոցեսը դարձնում են շատ ավելի հեշտ և ոչ ժամանակատար:

Արդյունքում, Գանտի գծապատկերում կարող եք տեսնել՝

  • նախագծի մեկնարի և ավարտի ամսաթվերը,
  • պլանավորված աշխատանքները,
  • ավարտված աշխատանքները,
  • թիմի անդամներից յուրաքանչյուրին կցված առաջադրանքները,
  • առաջադրանքների տևողությունը,
  • գործողությունների և առաջադրանքների կախվածությունը իրարից և այլն: