back button menu

Սատանա, թե հրեշտակ. ընտրում ենք կառավարման ոճեր

Սատանան կրում է Պրադա կամ ղեկավարելու ինչ ոճ ընտրել. արդյո՞ք միշտ է «սատանայական» մոտեցումը հանգեցնում կազմակերպության կատարյալ աշխատանքին:

Այսօր խոսելու ենք ղեկավարների մասին, ինչպիսին են նրանք և որն է թիմին առաջ տանելու լավագույն ուղին:
Սովորաբար, առանձնացնում են ղեկավարների 6 տիպեր`

Laissez-faire – Կառավարման այս ոճը կառուցվում է ղեկավարի` թիմի աշխատանքը կողքից դիտարկելու որոշման համար: Նա «լվանում է ձեռքերը», չի խառնվում որոշումների կայացմանը, իսկ նախագծի կամ, ընդհանուր առմամբ, կազմակերպության զարգացմանն ու առաջընթացին ուղղված քայլերը կատարվում են միայն աշխատակիցների նախաձեռնությունների շնորհիվ: Մի խոսքով, գործ ունենք ազատության հետ, որը ոչ մեկ ղեկավարից չէր խնդրում: Որոշումների կայացման պատասխանատվությունն այլոց փոխանցելու բացասական սովորությունն այս ղեկավարի անբաժան և ամենավառ գիծն է:

Transactional – Գործարքային. այս կառավարման ոճի դեպքում տեսնում ենք պարգևների և պատիժների համակարգում աշխատող թիմերի: Երբեմն այս ոճն անվանում են նաև ըստ բացառությունների ղակավարում, քանի որ պատժվում կամ պարգևատրվում են հենց աչքի ընկած բացառությունները` լինեն դրական, թե բացասական: Ինչ խոսք, նման պայմաններում աշխատելը մի քիչ լարող է. առավել հաճախ գլխում պտտվող միտքը կլինի. «Լավ է ոչինչ նոր ձևով չանեմ կամ նորարարություն չառաջարկեմ, գլուխս կախ աշխատեմ, բայց չհայտնվեմ պատժվածների շարքերում»:

Servant – Սպասարկող. ղեկավարն այստեղ բոլորի մասին մտածող հոգատար «մայրիկն» է: Նա կենտրոնանում է թիմի կարիքների և պահանջմունքների վրա, ասես ծառայում է իր աշխատակիցներին, որպեսզի վերջիններս ապահովված լինեն բոլոր անհրաժեշտ պայմաններով` նախագիծը հաջողությամբ ավարտելու կամ կազմակերպության աշխատանքն արդյունավետորեն կազմակերպելու համար: Սա բավականին ռիսկային գործելաոճ է, քանի որ շատ հաճախ աշխատակիցները «նստում են» ղեկավարի գլխին և վերջիններիս այդտեղից հեռացնելն արդեն բավարար ջանքեր է պահանջում:

Transformational – Վերափոխող. այստեղ գործ ունենք քաջալերող և մոտիվացնող ղեկավարի հետ, ով փորձում է ոգեշնչել թիմին հասնելու նախանշված նպատակներին և գրանցելու հաղթանակներ:
Այսպիսի ղեկավարները փորձում են հզորացնել թիմի անդամներին, աջակցել նրանց` կատարելու քայլեր, կայացնելու որոշումներ և չվախենալու հանդես գալ ինովացիոն  առաջարկություններով և լուծումներով:

Charismatic – Խարիզմատիկ. դու կարող ես անել ավելին, քան պատկերացնում ես`ահա, թե ինչ կասի քեզ խարիզմատիկ ղեկավարը: Նա մոտիցավնում է, էներգիա է ճառագում, ոգեշնչում է թիմին` հիմնվելով հստակ համոզմունքների վրա, թե ինչն է հնարավոր և ինչ արդյունքներ կարող է արձանագրել թիմը: Այսպիսի մոտեցումն օգնում է թիմի անդամներին առավել հեշտությամբ հասնելու սահմանված նպատակներին:

Interactional – Փոխազդող. սա առաջնորդի ֆանտաստիկ կերպար է, որը, կարծես, իր մեջ ամփոփում է բոլոր այլ տիպերի լավագույն գծերը: Գործ ունենք գործարքային, վերափոխող և խարիզմատիկ առաջնորդների անհավանական խառնուրդի հետ:
Փոխազդող տիպը տալիս է ինքնուրույն որոշումներ կայացնելու և քայլեր անելու հնարավորություն, մոտիվացնում և ոգեշնչում է, բայց, միևնույն ժամանակ, չի թողնում մոռանալ պատասխանատվության մասին. չէ՞  որ, ամեն դեպքում, աշխատակիցները հաշվետու են արդյունքների համար: