back button menu

Նախագծի շրջանակ. Project Scope

Վստահաբար բոլորիս կյանքում եղել են դեպքեր, երբ փորձել ենք անել ավելին, քան պահանջվում է: Եվ, իհարկե, այդ ամենն արվել է անշահախնդիր))) և հետապնդել է միայն մեկ նպատակ` զարմացնել, ուրախացնել կամ անակնկալի բերել այն մարդուն/կազմակերպությանը, ում համար և կատարվում է «ցանկալի» գործը:

Երբևէ մտածե՞լ եք` արդյոք ձեր հավելյալ ջանքերը իսկապես «ցանկալի» են պատվիրատուի համար, եթե դա նախապես չի բարձրաձայնվել: Մինչև ականջների ծայրը սիրահարված և 45 տարեկանում վերջապես իր կյանքի միակ սիրուն գտած պատանին պարզապես պատվիրել էր ձեզ կազմակերպել ընթրիք երկուսի համար քաղաքի ամենաբարձր տանիքում` դասական երաժշտության ուղեկցությամբ: Դուք` որպես միջոցառման պատասխանատու, որոշել եք, որ սեղանը և ամբողջ տարածքը էկզոտիկ ծաղիկներով զարդարելը հիանալի միտք է: Արդյունքում, հաճախորդը վերակենդանացման բաժանմունքում է ալերգիայի սուր նոպայով, ամուսնության առաջարկն արված չէ, իսկ վախեցած հարսնացուին հանգստացնում են փեսացուի ավելի վախեցած ծնողները:

Այսպիսով, ցանկացած նախագիծ ղեկավարելիս կարևորագույն քայլերից է նախագծի շրջանակը` Project Scope-ը հասկանալն ու սահմանելը:
Ինչպես գիտենք, նախագծերն իրականացվում են եզակի ապրանք, ծառայություն կամ արդյունք ստանալու նպատակով: Բայց դժվար թե որևէ մեկս կարողանա հասնել իր առաջ դրված նպատակին, եթե պատկերացում չունի, թե ինչ է նախագծի շրջանակը, ավելին` շատ դեպքերում շփոթում է այն ապրանքի/ծառայության շրջանակի հետ/Product Scope:

Ապրանքի շրջանակը/Product Scope-ը վերաբերում է ապրանքի/ծառայության մանրամասներին, օրինակ` ապրանքի տեսք, առանձնահատկություններ, գործառույթներ, չափս, և այլն: Այսինքն, այն ասում է մեզ` «ապրանքը պետք է լինի այսպիսին`...», և բազմակետերի տեղում հայտնվում են արտադրանքի, ծառայության կամ արդյունքի բնութագրիչ հատկություններն ու գործառույթները: Օրինակ, եթե խոսքը գնում է բաժակի մասին, ապա շրջանակը կարող է ներառել դրա գույնը, ձևը, նյութը և այլն:

Նախագծի շրջանակը/Project Scope-ը ցույց է տալիս այն աշխատանքը, որն անհրաժեշտ է իրականացնել Product Scope-ով սահմանված հատկանիշներով ու ֆունկցիոնալությամբ ապրանքը, ծառայությունը կամ արդյունքը ստանալու համար: Բաժակի օրինակի դեպքում մեր նախագծի շրջանակը ցույց կտա, թե ինչ աշխատանք պետք է իրականացվի` վերջնական արդյունքը ստանալու համար:

Ապրանքի և նախագծի շրջանակների տարբերությունը` համեմատության մեջ

Նախագծի շրջանակը թույլ է տալիս խուսափել Scope Creep-ից (շրջանակի ընդլայնում, սփռում) և հստակ հասկանալ, թե ինչն է մտնում մեր աշխատանքի մեջ, իսկ ինչը` ոչ: Scope Creep-ը նախագծի շրջանակների անվերահսկելի ընդլայնումն է, երբ նախագիծն իրականացնելիս մենք ինչ-որ պահի հասկանում ենք (իսկ ավելի ծանր դեպքերում`չենք հասկանում), որ վաղուց արդեն իրականացնում ենք աշխատանք, որը ոչ մեկ մեզնից չէր պահանջել: Իսկ եթե անգամ պահանջել էր, մենք` որպես նախագծի ղեկավար, պետք է հղում անեինք ի սկզբանե հաստատված շրջանակին և կա՛մ հրաժարվեինք փոփոխություններից, կա՛մ անցնեինք փոփոխությունների հաստատման ընթացակարգով: Անակնկալներից խուսափելու համար խիստ հետևե'ք նախագծի շրջանակին, չէ՞ որ դրա անընդհատ ընդլայնումը հանգեցնում է ժամանակացույցի շեղման, մեծացող բյուջեի, որակի շեղումների և այլ, ոչ ցանկալի հետևանքների: