back button menu

նախագծերի կառավարման գործիքներ. ի՞նչ է OTOBOS-ը

OTOBOS-ը նշանակում է ժամանակին (On Time), բյուջեի (On Budget) և նախագծի շրջանակների (On Scope) մեջ: Եթե դուք ղեկավարում եք նախագիծ և OTOBOS եք, ուրեմն շնորհավորում ենք,  դու ճիշտ ուղու վրա եք:

OTOBOS-ը կամ եռակի սահմանափակումը բազում անվանումներ ունի` նախագծերի կառավարման եռանկյունի (Project Management Triangle), երկաթյա եռանկյունի (Iron Triangle) կամ պարզապես նախագծի եռանկյունի (Project Triangle): Եվ, չնայած, անվանումների բազմազանությանը, դրանց իմաստը երբեք չի փոխվում. ցանկացած նախագիծ կառավարելիս դուք գործ ունեք եռակի սահմանափակման հետ:

Հետևաբար, կարելի է անգամ ասել, որ եռակի սահմանափակումը նախագծերի կառավարման պատմության ամենակարևոր հասկացություններից մեկն է, դե իսկ այն «հայտնաբերողի» հանճարը համեմատական է անիվը հայտնագործողի հանճարին:

Ժամանակին / On Time

Ժամանակը գումար է: Բայց արդյո՞ք կազմակերպությունները գիտակցում են այդ ամենաթանկ ռեսուրսի արժեքը և թույլ չեն տալիս դրա վատնում: Փորձը ցույց է տալիս, որ նրանցից շատ քչերն են հաշվարկում, թե իրականում որքան ժամանակ է պահանջվում այս կամ այն հստակ առաջադրանքի կամ աշխատանքի իրականացումը:

Նախագծերի ավարտի հետաձգման հիմնական պատճառներից մեկը հենց ժամանակի սխալ հաշվարկն է:

Որպես նախագծի ղեկավար` դուք պետք է կապ հաստատեք այն ռեսուրսների հետ, որոնք աշխատելու են նախագծի վրա, և ճշտեք վերջիններիս ծանրաբեռնվածությունը, հասանելիությունը և, իհարկե, իրականացնեք առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ ժամանակի ճշգրիտ գնահատում: Ցավոք, մենեջերներից շատ քչերն են ընտրում այս ուղին:

Բյուջեի շրջանակներում / On Budget

Ավելորդ է անգամ նշելը, բայց ծախսերի վերլուծությունը պարտադիր է, չէ՞ որ մենք չենք կարող թույլ տալ մեզ աշխատել վնասով: Ի վերջո, որքանո՞վ է խելամիտ ստանձնել մի նախագիծ, որի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների գինը գերազանցելու է դրանից սպասվող շահույթը: Ահա թե ինչու այդքան կարևոր է նախագծի պլանավորման ժամանակ կատարել դրա իրականացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսների ճիշտ քանակների և արժեքների գնահատում: Հակառակ դեպքում, ծախսերի գնահատման անճշտությունները կարող են հանգեցնել գերծախսի, ինչը կառավարման ակնհայտ ձախողում է:

Նախագծի շրջանակների մեջ / On Scope

Նախագծի ներկայացումից հետո անմիջապես այն սկսելը մեծագույն սխալ է: Բայց, գրեթե բոլոր մենեջերները հենց այդպես էլ անում են: Կհարցնեք ինչու՞: Որովհետև բոլորի ուշադրությունն ուղղված է նախագիծը ժամանակին ավարտելուն, այն դեպքում, երբ պլանավորման ձախողումը պարզապես պլանավորում է ձախողումը:

Դուք չե՞ք պլանավորել, թե ինչ է տեղի ունենալու, ով ինչով է զբաղվելու, որն է վերջնական նպատակը, որին պետք է հասնել ծրագրի ավարտին: Ոչ ոք չգիտի այս հարցերի պատասխանները: Նման մոտեցման դեպքում դուք, վստահաբար, չեք խոսի ձեր թիմի հետ և չեք տա մանրամասն բացատրություններ, որպեսզի ամեն քայլ պարզ լինի: Որպես ղեկավար` դուք պարզապես կստանձնեք նախագիծը և կասեք թիմին սկսել դրա իրականացումը: Բայց, չե՞ք կարծում, որ թիմը պետք է հստակ պատկերացում ունենա ծրագրի շրջանակների և պահանջների մասին, իսկ ճիշտ հաղորդակցությունը նախագծի հաջողության գրավականն է: Ի վերջո, ինչպե՞ս կարող եք ակնկալել, որ նախագիծը կարող է ունենալ լավագույն արդյունքները, երբ թիմը նույնիսկ չգիտի, թե ինչ է անում:

Ըստ էության, OTOBOS-ը պնդում է, որ նախագծի հաջողության վրա ազդում են դրա բյուջեն, ժամկետները (deadlines) և առանձնահատկությունները (features): Այնպես որ, որպես նախագծի ղեկավար` դուք պետք է մշտապես հավասարակշռեք այս երեք սահմանափակումները` չմոռանալով, որ դրանցից մեկի փոփոխությունը անպայմանորեն ազդում է մյուս երկուսի վրա: